Մասիսի հիվանդանոցի տարածքում հայտնաբերված դեռեւս կազմավորման փուլում գտնվող մահացած պտուղները ոչ մի կապ չունեն հիվանդանոցի աշխատակիցների եւ առհասարակ հիվանդանոցի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Ենգիբարյանը:

«Հարուցվել է քրեական գործ, քննիչներն ուսումնասիրում են դեպքերը, դեռեւս ոչինչ ասել չեմ կարող, քանի որ նախաքննական գաղտնիք է: Սակայն մի բան հստակ կարող եմ ասել՝ հիվանդանոցն ու հիվանդանոցի աշխատակիցները ոչ մի կապ չունեն կատարվածի հետ, շուտով ինքներդ էլ կհամոզվեք: Շատ կարճ ժամանակում ամեն ինչ կբացահայտվի»,- ասաց նա:

Մահացած պտուղների մասին հիվանդանոցի ժամանակավոր տնօրենը հրաժարվեց որեւէ բան ասել՝ նշելով միայն, որ հիվանդանոցի բոլոր աշխատակիցները հարցաքննվել են:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մասիսի հիվանդանոցում երկու մահացած պտուղ է հայտնաբերվել: Առաջինը տեղի է ունեցել հունիսի 7-ին հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի առաջնամասում: Երկրորդ դեպքը գրանցվել է հունիսի 10-ի կեսօրին դիահերձարանի մոտ: Կատարվում է նախաքննություն: