«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով Ներսես Մելքոնյանի կալանավորումը ոչ օգնելու է այս գործով արդեն կալանավորված Գոռ Առաքելյանին, ոչ էլ խանգարելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
«Հանցակազմ պետք է լինի, որպեսզի ինչ-որ անձի մեղսագրեն որեւէ արարք, օրինակ Ներսես Մելքոնյանի դեպքում հայտնաբերվել է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով արարք, հիմա այս ամբողջ ընթացքում նախաքննական մարմինը երբ որ կորոշի, թե որն է առաջադրված մեղադրանքը, որը ոչ, արդեն ցույց կտա` ով է նախաձեռնել, նախաձեռնությունն ինչ ընթացքով է եղել, ընթացքի ժամանակ ում կողմից ինչ գործողություն է կատարվել, ըստ դրա կորոշվի ամեն ինչ: Այդ պատճառով հիմա այս փուլում սխալ է ասել, թե տեսեք, որ Ներսեսին կալանավորեցին, Գոռի համար հեշտ կլինի: Մի բան հստակ է, որ եթե նույնիսկ նրան չկալանավորեին, ապա նախաքննության ավարտից հետո պարզ կլիներ, որ Գոռին առաջադրված մեղադրանքը օբյեկտիվ չէ»,- ասաց նա:
Երեմ Սարգսյանի համար այնուամենայնիվ բնական է, որ բացի Գոռից այլ կալանավորված անձ էլ կա, քանի որ մեղադրանքի մեջ հստակ նշված էր, որ այլ անձանց հետ նախնական վիճաբանություն է եղել:
Հիշեցնենք, որ Ներսես Մելքոնյանը ձերբակալվել էր հունիսի 6-ին հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո: Նա կասկածվում է ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանցագործություն կատարելու մեջ, այն է՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից: Այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Նշենք, որ ըստ նախնական վարկածի Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, որը դեռ հիվանդանոցում է, մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Ենթադրվում է, որ Վալերի Հովհաննիսյանը նույնպես հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կձերբակալվի։ Նշենք, որ նա ամենածանրն էր վիրավորվել մայիսի 17-ին եւ երկարատեւ բուժման կարիք ունի։





























