Աբովյան փողոցում որոշ ժամանակ նստելուց հետո «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության այսօր՝ հունիսի 11-ին կազմակերպած սատարման երթի մասնակիցները շարունակեցին երթը նախատեսված երթուղով դեպի կառավարություն։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ չնայած ակտիվիստները քայլում են փողոցի ամբողջ լայնությամբ՝ հնարավորություն չտալով մեքենաներին երթեւեկել այդ փողոցով, ոստիկաններն այլեւս չեն միջամտում։
Անձրեւը ակցիայի երթուղին չի փոխել։ Այս պահին ակցիայի հարյուրավոր մոտենում են կառավարությանը, որտեղ պատրաստվում են իրենց դժգոհությունը հայտնել գործադիրի աշխատանքից։
«Գնում ենք ասելու, որ իրենց աշխատանքը հինգ բալանոց համակրգով գնահատում ենք առավելագույնը երկու՝ այսինքն անբավարար»,- հայտարարեց Դավիթ Մանուկյանը։
Երթը շարունակում են հսկել ոստիկանները։
Հիշեցնենք, որ երթի նպատակն է սատարել այն քաղաքացիներին, որոնք բարձրաձայնում են, որ իրենց գործատուները ճնշում են գործադրում իրենց նկատմամբ և թույլ չեն տալիս կուտակային կենսաթոշակի պահումներ չկատարելու համար դիմումներ գրել:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին ԱԺ-ն ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը, որը ՀՀ նախագահի կողմից վավերացվեց մայիսի 26-ին և կգործի մինչև սեպտեմբերի 30-ը: Ըստ նոր օրենքի՝ այն քաղաքացիները, որոնք չեն ցանկանում մասնակցել համակարգին, կարող են դիմումներ ներկայացնել իրենց գործատուներին՝ պահումներ չկատարելու պահանջով:
Նշենք, որ օրենքի ընդունումից հետո «Դեմ եմ» նախաձեռնությունը ահազանգեր էր ստացել, որ շատ գործատուներ աշխատակիցներին ճնշում են և թույլ չեն տալիս կուտակային պահումներ չկատարելու համար դիմումներ գրել: Ահազանգեր էին եղել մի քանի դպրոցներից, Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից, Հերացու անվան բժշկական համալսարանից, «Գրանդ Տոբակո»-ից, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցից:




























