Հովիկ Աբրահամյանի նշանակումը ոչ մի կապ չունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը` անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հունիսի հինգին հրապարակած հոդվածին, որտեղ վերջինս կարծիք էր հայտնել, թե Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին նշանակել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համար:

«Չկա նման բան, Հովիկ Աբրահամյանի նշանակումը ոչ մի կապ չունի ԲՀԿ-ի հետ, նմանատիպ հայտարարություններ շահարկելը ճիշտ բան չի: Ինչ վերաբերվում է պարոն Աբրահամյանին, ապա նա մեզ համար կերպար է, որն ունի կոնկրետ պրակտիկ ունակություն` ի տարբերություն այլ պաշտոնյաների, որոնք քանդեցին այս երկիրը: Նա կարող է լավ բաներ անել, եւ չի բացառվում, որ ամենառառաջատար վարչապետը կդառնա»,- ասաց նա:

Նշենք, որ հունիսի հինգին ilur.am կայքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հոդված է հրապարակել, որտեղ քննադատել է Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը` կետ առ կետ գծելով «Հայաստանի կործանման Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը»: