Տիկրիտ եւ Մոսուլ քաղաքները զավթած եւ թուրք դիվանագետներին գերեվարած Իրաքի իսլամիստները մտադիր են գրավել նաեւ երկրի մայրաքաղաք Բաղդադը, հաղորդում է Agence France-Presse –ը՝ վկայակոչելով SITE խմբի վերլուծաբաններին:
Իրաքի հյուսիսային քաղաքի հարձակումների հեղինակ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման ներկայացուցիչը զինյալներին կոչ է արել գրավել Բաղդադը: «Կռիվը դեռ չի մոլեգնել, սակայն կմոլեգնի Բաղդադում եւ Քերբելում», - ասվում է խմբավորման Twitter-ի էջում տեղակայված ձայնային հաղորդագրությունում, հաղորդում է Lenta.ru-ն:
Իսլամիստներին ուղղված կոչը հրապարակվել էր այն բանից հետո, երբ հունիսի 11-ին «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» զինյալները զավթել են Տիկրիտը, որը գտնվում է երկրի հյուսիսում՝ Բաղդադից 140 կիլոմետր հեռավորության վրա: Ավելի վաղ ծայրահեղականների վերահսկողության տակ էր հայտնվել հյուսիսային Իրաքի Նայնավա նահանգի կենտրոն Մոսուլը: Գրավվել էին նաեւ Սալահ-էդ-Դին եւ Քիրկուք նահանգերում գտնվող որոշ բնակավայրեր:





























