WikiLeaks-ում տեղեկություն է հայտնվել, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգերի ղեկավար աշխատած տարիներին կարող էր համագործակցել Սեմյոն Մոգիլեւիչի հետ, որը քրեական հայտնի հեղինակություն է, փոխանցում է «ԻնֆորմՎեստ»-ը:
WikiLeaks-ն ուշադրություն է դարձնում, որ Կիեւում ԱՄՆ-ի դեսպանի զեկույցում, որը Վաշինգտոն էր ուղարկվել 2006-ի ապրիլին, խոսք է գնում այն մասին, որ Տիմոշենկոն կարող էր կապեր ունենալ Ուկրաինայի կազմակերպված հանցավորության ներկայացուցիչների հետ:
Ամերիկացի դեսպանը հիմնվում է «Ուկրաինսկայա պրավդայի» կայքի տվյալների վրա, որում հոդված էր տեղադրվել ՈւԱԾ-ի նյութերից Սեմյոն Մոգիլեւիչի մասին տեղեկատվության ապօրինի վերացման մասին՝ նախկին վարչապետի համախոհներ Ալեքսանդր Տուրչինովի եւ Անդրեյ Կոժեմյակինի կողմից:
Այդ նյութերում կարող էին ապացույցներ լինել Տիմոշենկոյի մրցակիցների հեռախոսազրույցները ապօրինաբար գաղտնալսելու վերաբերյալ, որոնց շարքում նաեւ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն էր, ինչպես նաեւ 1990-ականներին Տիմոշենկոյի եւ Մոգիլեւիչի ստվերային գործարքների մասին:
Նշենք, գործարար Մոգիլեւիչը ամերիկյան ՀԴԲ-ի ցուցակում ամենաորոնվող հանցագործներից է: Նա հայտնի է նաեւ Սերգեյ Շնայդեր անունով: ՀԴԲ-ի տվյալով՝ Մոգիլեւիչը ներգրավված է եղել բռնաշորթման, մեքենայությունների եւ փողերի լվացման 40-ից ավելի գործերում՝ աշխարհի մի շարք երկրներում: Հարկ է նշել, որ 2013թ. ապրիլին Foreign Policy ամսագիրը նրան դասել էր աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց շարքը:





























