Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերի հրապարակած 12 կետանոց պահանջների մեջ բացակայում են ռուսական վեկտորին վերաբերվող հարցերը, ինչպիսին գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացումն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Զարմանում եմ, որ չկան հոսանքի եւ գազի թանկացման պահանջները, եւ ընդհանրապես բացակայում են Ռուսաստանի հետ կապ ունեցող պահանջներ: Տեսեք` Որոտանի վաճառքը կա, որովհետեւ դրա հետեւում ամերիկացիներն են, իսկ երբ Ռոբերտ Նազարյանն ասում է, որ պետք է էլեկտրաէներգիայի գինը բարձրացնենք, այդ հարցը քառյակի պահանջների մեջ չկա: Եթե պահանջների մեջ դրված էին տնտեսական հարցեր, օրինակ պարտադիր կուտակային, կարմիր գծեր, տրանսպորտի սակագնի իջեցում, ինչո՞ւ են քիչ այդ պահանջները: Ավելի լուրջ պահանջները` գազի եւ հոսանքի հետ կապված, չկան»,- ասաց նա:
Թե ինչու այդ պահանջները չկան, Կարեն Քոչարյանը խորհուրդ է տալիս հարցնել հենց քառյակի ներկայացուցիչներից, քանի որ իրեն էլ է այդ հարցը հետաքրքրում:
Մեր հարցին` ինչու չկար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը` քաղտեխնոլոգը պատասխանեց, որ դա նորմալ է, որովհետեւ ուժերից առնվազն երկուսը ամենսկզբից էլ ասում էին, որ իրենց խնդիրը նախագահի հրաժարականը չէ:
Անդրադառնալով իշխանությունների կողմից քառյակի պահանջների ընդունմանը` Կարեն Քոչարյանն ընդգծեց, որ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու կետը նրանք չեն ընդունի, սակայն միեւնույն ժամանակ ընդունելու են Արցախի եւ Հայաստանի միջեւ մաքսակետ չլինելու պահանջը:
Նշենք, որ քառյակն իր կետերը ներկայացրել է հունիսի 10-ին:





























