«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված եւ այնուհետեւ կալանավորված Ներսես Մելքոնյանի փաստաբաններին դեռ հիվանդանոցում թույլ չէին տալիս տեսակցել իրենց պաշտպանյալի հետ: Այս մասին այսօր` հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
«Նա հիվանդանոց է տեղափոխվել մայիսի տասնյոթին եւ այդ ամբողջ ընթացքում նրա հիվանդասենյակի մոտ հերթապահել են ոստիկաններ: Մարդը, որը պետք է գտնվեր ազատության մեջ, գտնվել է անազատության մեջ փաստորեն: Բացի դրանից երբ մենք առաջին անգամ գնացինք նրան տեսության` որպես փաստաբաններ, թույլ չտվեցին ներս մտնել` պատճառաբանելով, թե Ներսեսին ներարկում են արել եւ նա պետք է քնի: Հետո պարզեցինք, որ այդպիսի բան չի եղել: Սա առաջին խախտումն է, հաջորդ խախտումն այն է, որ կալանքի մասին դատարանն իր որոշումը կայացրեց 72 ժամը լրանալուց մի քանի ժամ հետո արդեն»,- ասաց նա:
Վարդուհի Էլբակյանի խոսքով` Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը կամայականություն է կատարել, քանի որ անձի ձերբակալության ժամկետը ոչ թե 72 ժամ է, այլ 74.5 ժամ:
«Դատարանը հաշվի չի առել նույնիսկ այն, որ նա բարերար է եւ գործարար, նրա մասին նույնիսկ գիրք կա գրված: Թուրքիայից ընդամենը երեք կմ հեռավորության վրա է գտնվում Ներսեսենց գյուղը, հենց վերջինս էլ պաշտպանում է գյուղը հարձակումներից: Եվ մամուլի հրապարակումները, թե իմ պաշտպանյալը եկել է Հայաստան` ինքնահաստատվելու, իրականությանը չի համապատասխանում. Ներսես Մելքոնյանն արդեն հաստատված անձնավորություն է»,- ավելացրեց նա:
Փաստաբանը համոզված է, որ իր պաշտպանյալի գործողություններում հանցակազմ չկա, իսկ բարձրաստիճան ներկա եւ նախկին պաշտոնյաներին խնդրում է անձնավորված հայտարարություններ չանել եւ սպասել նախաքննության ավարտին:
Հիշեցնենք, որ Ներսես Մելքոնյանը ձերբակալվել էր հունիսի 6-ին հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո: Նա կասկածվում է ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանցագործություն կատարելու մեջ, այն է՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից: Այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Նշենք, որ ըստ նախնական վարկածի Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, որը դեռ հիվանդանոցում է, մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Ենթադրվում է, որ Վալերի Հովհաննիսյանը նույնպես հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կձերբակալվի։ Նշենք, որ նա ամենածանրն էր վիրավորվել մայիսի 17-ին եւ երկարատեւ բուժման կարիք ունի։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























