«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված, այնուհետեւ կալանավորված Ներսես Մելքոնյանի առողջական վիճակը ծանր է, սակայն Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը դա հաշվի չի առել, առավել եւս ապացուցված չէ, որ Գոռ Առաքելյանին մարմնական վնասվածք է հասցրել հենց Ներսես Մելքոնյանը: Այս մասին այսօր` հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ներսեսի փաստաբան Արմեն Խաչատրյանը:
«Մեղադրանքի մեջ նկարագրվում է, որ Ներսես Մելքոնյանը հարվածել է Գոռ Առաքելյանին եւ պատճառել թեթեւ մարմնական վնասվածք: Սակայն երբ Գոո Առաքելյանը ներկայացել է ոստիկանություն, նրա նկատմամբ որեւէ արձանագրություն չի կազմվել, նույնիսկ քննման արձանագրություն: Գոռին զննության ենթարկելիս պարզվել է, որ կան քերծվածքներ, նշանակվել է փորձաքննություն: Դատախազն էլ որոշել է, որ հենց Ներսես Մելքոնյանն է վնասվածք հասցրել, սակայն դա ոչ մի տեղ չի ապացուցվել, որ հենց իմ պաշտպանյալն է հարվածել»,- ասաց նա:
Անդրադառնալով հունիսի իննին կայացած դատական նիստին` Արմեն Խաչատրյանն ընդգծեց, որ դատավորը աղաղակող խախտումներ է թույլ տվել: Դրանցից մեկն այն է, որ դատական նիստին ներկա են եղել երեք-չորս քրեական հետախուզության աշխատակիցներ, որոնք սակայն Քրեական օրենսգրքով իրավունք չունեին գտնվել դատարանի դահլիճում:
Թե ինչու է առաջին ատյանի դատարանը խափանման միջոց ընտրել կալանքը, փաստաբանը չի հասկանում, քանի որ մեղադրանքի որոշումը պարզապես վերցված է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով:
«Կան մարմիններ, որոնք ցանկանում են պարզապես հաճոյանալ որոշ մարդկանց, դրա համար են խափանման միջոց կալանքը ընտրել: Այդ մարմինները որոշեցին բալանսը պահել, այսինքն եթե մի անձը կալանավորված է, պետք է ուրիշ կալանավորվածներ էլ լինեն»,- ավելացրեց նա:
Հիշեցնենք, որ Ներսես Մելքոնյանը ձերբակալվել էր հունիսի 6-ին հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո: Նա կասկածվում է ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանցագործություն կատարելու մեջ, այն է՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից: Այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Նշենք, որ ըստ նախնական վարկածի Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, որը դեռ հիվանդանոցում է, մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Ենթադրվում է, որ Վալերի Հովհաննիսյանը նույնպես հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կձերբակալվի։ Նշենք, որ նա ամենածանրն էր վիրավորվել մայիսի 17-ին եւ երկարատեւ բուժման կարիք ունի։





























