Ռուս-վրացական սահմանի մայրուղին հնարավոր է բացվի հունիսի 14-ին: Այդ մասին Հայաստանի Կառավարության նիստին հաղորդել է տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ Հովիկ Աբրահամյանի խնդրանքով ներկայացնելով ընթացիկ իրավիճակը:

Բեգլարյանը հայտարարեց, որ վրացական գործընկերների նախնական տվյալներով, ավտոճանապարհը հնարավոր է բացվի հունիսի 14-ին: Սակայն այդ ժամկետը կարող է երկարել, քանի որ ճանապարհների մաքրմանը խանգարում է ոչ բարեհաջող եղանակը: «Եղանակը նրանց չի օգնում: Վերջերս նոր անձրեւներ են եկել այնտեղ», - հայտարարեց նախարարը:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին սելավային հոսքերի պատճառով փակվել էր Ստեպանցմինդա-Լարս ճանապարհը (Վրաստանից դեպի Ռուսաստան մեծ բեռնատարների համար միակ մայրուղին):