Հայաստանում վերահսկիչ դրոշմների կիրառությունը նաեւ դեղամիջոցների վրա կտարածվի: «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի` ֆինանսների նախարարության կողմից առաջարկված փոփոխությունների նախագիծը կառավարության հունիսի 12-ի նիստին հավանության է արժանացել: Դրոշմի առկայության մասին պահանջը դեղամիջոցների, վիտամինների եւ պրովիտամինների, ինչպես նաեւ բժշկական եւ անասնաբուժական պատվաստանյութերի վրա կտարածվի:

Ներկայումս վերահսկիչ դրոշմները միայն գարեջրի եւ ոչ ալկոհոլային խմիչքների համար են կիրառվում`շրջանառության օրինականացման նպատակով: Կառավարությունն արդեն հավանություն է տվել դրոշմների կիրառությունը սննդամթերքի մի շարք տեսակների (կաթ եւ կաթնամթերք (թթվասեր, կեֆիր, յոգուրտ), սուրճ եւ թեյ, ձկնեղեն եւ մսամթերք, բուսական յուղ, մրգային եւ բանջարեղենային պահածոներ, ջեմ, պաղպաղակ եւ այլն), ինչպես նաեւ կոսմետիկայի միջոցների եւ օճառի վրա տարածելու նախաձեռնությանը: Դրոշմը ապրանքի տեղաշարժի ողջ ընթացքում` ընդհուպ մինչեւ վերջնական սպառումը, պետք է անխախտ մնա:

Արտադրողներին եւ ներմուծողներին կթույլատրվի մինչեւ 2014թ. հոկտեմբերի 31-ը դեղամիջոցներն առանց դրոշմի իրացնել, մյուս տնտեսվարողներին (վերավաճառողներ)` մինչեւ 2015թ. հունվարի 1-ը: