Իսպանական «Hormigones y Morteros Serrano S.L» ընկերության հայկական մասնաճյուղին` ներկրվող սարքավորումների համար տրամադրված ժամանակավոր ներմուծման արտոնության ժամկետը երկարաձգվել է: Համապատասխան որոշումը կառավարության հունիսի 12-ի նիստին է ընդունվել:
Որոշումը ներմուծված` մայրուղու շինարարության համար կիրառվող բետոն փռող սարքավորումների եւ դրանց պահեստամասերի վրա է տարածվում: «Hormigones y Morteros Serrano S.L»-ը մեկ այլ իսպանական ընկերության` «Corsan Corviam Construccion»-ի ենթակապալառուն է հանդիսանում:
Հյուսիս-հարավ ավտոմայրուղու ընդհանուր արժեքը պետք է 967 մլն ԱՄՆ դոլար կազմի, որից 500 մլն-ը Ասիական զարգացման բանկից է ստացվելու (ներկայումս երրորդ տրանշով նախատեսված աշխատանքներն են ընթանում): Միջոցների տրամադրումը 2017թ.-ին է ավարտվելու: Մայրուղին, գործող ճանապարհների ներգրավմամբ, Իրանի հետ սահմանից մինչեւ հայ-վրացական սահման է ձգվելու (Մեղրի-Բավրա): Այն բետոնե ծածկույթ է ունենալու, իսկ ներկայիս ճանապարհներին մեծամասնություն կազմող երթեւեկության 2-ական գոտիները 4-ով են փոխարինվելու:




























