Եթե Աստված չանի՝ պատերազմ սկսվի, առաջինը ես կգնամ կռվելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ անդրադառնալով հունիսի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու մարտական հենակետում՝ Նախիջեւանի սահմանին, հնչած կրակոցներին եւ հայկական կողմից զոհված պայմանագրային զինծառայողների դեպքին:

«Ոչ մի վտանգ էլ չկա, կրակոցները երկկողմանի են լինում, մեկին երկուս պատժվել են, ոչ մի վտանգ էլ չկա: Երբ որ ուժին ուժով ես պատասխանում, նստում են տեղները: Եթե մենք խելոք նստեինք, ուրեմն էլի էին շարունակելու: Մենք ուժեղ նստած ենք մեր դիրքերում»,- ասաց նա:

ՀՀԿ-ական պատգամավորը հավելեց նաեւ, որ եթե կարիք լինի, ամբողջ Հայաստանը նորից կկռվի. «Էսքան մարդ, որ տեսնում ես էստեղ (մատնացույց է անում ՀՀԿ-ական վերնախավին.- հեղ.), բոլորն էլ կգնանք կկռվեն, հենց առաջինը ես կգնամ»:

Նշենք, որ հունիսի 6-ին սահմանային միջադեպի հետեւանքով զոհվել էին երկու պայմանագրային զինծառայող՝ 26-ամյա Անդրանիկ Եղոյանն ու 22-ամյա Բորիս Գասպարյանը: