NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է բրիտանացի լրագրող, Քարնեգիի հիմնադրամում Կովկասի հարցերով ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալի հոդվածը, որը հրապարակել են Քարնեգիի Մոսկովյան կենտրոնի կայքում:

Ահա հանելուկ՝ ինչո՞ւ այն ժամանակ, երբ Ռուսաստանի հարեւաններն ուժեղ ճնշման ներքո են, Ադրբեջանը որոշեց պայքարել ԱՄՆ-ի կառավարության դեմ: Երբ Ռուսաստանը միջամտեց Արեւեկային Ուկրաինայի իրադարձություններին, տրամաբանական կլիներ նրա հարեւաններից ակնկալել օգնության դիմում միջազգային գործընկերներին: Վրաստանն ու Մոլդովան Եվրոպական Միության հետ ասոցացման են ձգտում: Ադրբեջանը շատ ավելի հարուստ է, սակայն այստեղ էլ կան ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների կողմնակիցներ:

Այնումամենայնիվ, անցյալ տարի Ադրբեջանում զանգվածաբար ճնշում էին արեւմտամետ ակտիվիստներին, ինչպես նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչներին: Այս հարցում Ադրբեջանն ավելի ռեպրեսիվ էր, քան Ռուսաստանը, Բելառուսը, նա ավելի մոտ դարձավ Ուզբեկստանին: Ադրբեջանը քննարկումների առարկա դարձավ ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում: Երբ արեւմտյան պաշտոնյաներն արձագանքեցին, նրանց մեղադրեցին «Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեջ»:

Սա հանգեցրեց Բաքվում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի եւ Ադրբեջանի կառավարության բախումներին: Ալի Հասանովը դատապարտեց դեսպանի հարցազրույցն «Ազատություն» ռադիոկայանին: Ադրբեջանցիներն իրենք էին դիմել, որպեսզի Մորնինգսթարին դեսպան նշանակեն, քանի որ նա ԱՄՆ-ի բանագնացն էր կասպիական նավթի եւ գազի հարցում, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազամուղի նախաձեռնողներից մեկը:

Ադրբեջանական վերնախավը բաժանված է խմբավորումների: ԱԳՆ-ում գործում է քարոզչական խումբ, որը զիջում է վերջին ամիսների ընթացքում: Այնուամենայնիվ, Բաքուն դեպի Մոսկվա նույնպես չի շրջվել: Բաքու-Մոսկվա հարաբերությունները բավական ամուր են, սակայն ՄԱԿ-ում Ադրբեջանը քվեարկեց հօգուտ Ուկրաինայի:

Այս պահին ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ջերմացման հնարավորությունները քիչ են: Մորնինգսթարը երկու տարի պաշտոնը զբաղեցնելուց հետո ամռանը կհեռանա, միգուցե նրան փոխարինողի նշանակեն երկար ընդմիջումից հետո: Ճնշումները հնարավոր է բացատրել նրանով, որ ավելի քանի տասը տարի իշխանության գլխին է Իլհամ Ալիեւը, ում շրջապատն այնքան մեկուսացված է, որքան ցույց են տալիս նրա գործողությունները: Այդ դեպքում ԱՄՆ-ին  հարկավոր կլինեն բանագնացներ, ովքեր կկարողանա անցնել այդ ամուր պատի միջով: