«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը հրապարակել է իր պահանջները կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության կայքից:
««Դ!ԵՄ ԵՄ» թիմ, ընկալելով կենսաթոշակային բարեփոխումների կարեւորությունն ու անհրաժեշտությունը, լինելով արժանապատիվ ծերություն ապահովելու ճանապարհին եւ, միեւնույն ժամանակ, գերակա ճանաչելով մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, գտնում է, որ կուտակային կենսաթոշակային նոր համակարգը կարող է կյանքի կոչվել միմիայն կամավոր սկզբունքով:
Որպես Հայաստանի Հանրապետության ներկայով եւ ապագայով մտահոգ քաղաքացիներ, մենք մնում ենք այն դիրքորոշման մեջ, որ ներդրվող կուտակային նոր համակարգը պետք է բխի միայն եւ միայն մարդու շահերից եւ սահմանադրական սկզբունքներից:
Ուստի մենք գտնում ենք, որ Կուտակային Կենսաթոշակային նոր համակարգը պետք է բավարարի հետեւյալ պահանջներին՝
1. Համակարգին մասնակցությունը պետք է լինի միայն կամավոր։
2. Համակարգի յուրաքանչյուր մասնակից կարող է ցանկացած պահի դուրս գալ համակարգից։
3. Համակարգի ներդրումը չպետք է պարտադիր կերպով ավելացնի գործատուի եւ/կամ աշխատողի ֆինանսական բեռը։
Նոր օրենքի նախագիծը մինչեւ Ազգային ժողովի օրակարգ մտնելը, պետք է ներկայացվի հանրության դատին, ունենա լայն հանրային քննարկում, որի ժամանակ հանրության մտավախություները եւ առաջարկները պետք է անպայմանորեն հաշվի առնվեն»,- ասվում է հայտարարության մեջ:




























