Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շարունակում է իրականություն դարձնել Թբիլիսիում հուշատախտակների բացման արարողությունների իր նախաձեռնությունը: Այսօր` հունիսի 12-ին, Թբիլիսիի Սոլոլակ թաղամասի Լադո Ասաթիանի(նախկին Բայբության)փողոցի վրա գտնվող շենքի պատին բացվեց Վիկտոր Համբարձումյանի հուշատախտակը: Այս առիթով «Վրաստանի Հայ Համայնք»-ի «Միություն» լրատվականը զրուցեց Վրաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանի հետ:
«Հուշատախտակի բացման նախաձեռնությունը սկսվել է 2013թ.ից Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության եւ Թբիլիսիի քաղաքապետարանի փոխհամաձայնության շնորհիվ: Կային մի շարք պայմանավորվածություններ, որոնց թվում նաեւ մի քանի հուշատախտակների բացման պայմանավորվածություն: Տվյալ փոխհամաձայնության շրջանակներում սա թվով երրորդ հուշատախտակի բացումն է: Մոտ ապագայում ականատեսը կլինեք նաեւ Մանթաշովի հուշատախտակի բացման արարողությանը: Տվյալ հուշատախտակի բացման նախապատրաստական աշխատանքներում որեւէ խնդիրներ չեն եղել: Մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետության հեռուստաընկերություններից մեկում տեսանյութ եղավ` նվիրված Թբիլիսիում հուշատախտակների բացմանը, այնտեղ ել կարեւորվեց այս նախաձեռնությունը, եւ Թբիլիսիի քաղաքապետարանի դրական վերաբերմունքը այս ամենին փաստում է, որ նման միջոցառումները շարունակական են լինելու:
Նմանատիպ հուշատախտակների բացումը օգնում է հավերժացնել ծագումով հայ, թբիլիսաբնակ բոլոր այն ականավոր, հանրահայտ, աշխարհահռչակ գործիչների հիշատակը, որոնք անհամեմատ մեծ ներդրում են ունեցել Թիֆլիսի զարգացման գործում: Նրանց ճանաչումը հանգեցնում է երկու ժողովուրդների առավել սերտ համագործակցությանը, միմյանց պատմությունը ճանաչելուն, ավելի արդյունավետ գործելուն», -«Միության» հետ զրույցում ասաց Վահագն Աֆյանը:
Վիկտոր Համբարձումյանը հայտնի հայ աստղագետ, ֆիզիկոս, գիտնական, տեսական աստղաֆիզիկայի հինադիրներից մեկն է: Ծնվել է 1908.թ-ի սեպտեմբերի 18-ին Թիֆլիսում: Նրա աշխատությունները վերաբերում են աստղերին, աստղագիտությանը, աստղային համակարգերի դինամիկային, մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներին:
Բայց այսօր Թբիլիսիում նրան ճանաչում են շատ քչերը` կարելի է ասել հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչները: Հարցուփորձ արեցինք Համբարձումյանի տան ներկայիս բնակիչներից մի քանիսին, արդյո՞ք նրանք գիտեն, թե ո՞վ է ապրել իրենց շենքում. երիտասարդներից ոչ մի դրական պատասխան չստացանք: Նրանք ոչ էլ երբեւէ լսել էին Վիկտոր Համբարձումյանի անունը:
Այսօրվա բացված հուշատախտակի շնորհիվ այսուհետ յուրաքանչյուր անցնորդ, հետաքրքրության դեպքում, հնարավորություն կունենա կարդալու եւ իմանալու, որ այդ տանը ապրել է հայազգի աշխարհահռչակ գիտնական,ակադեմիկոս եւ անվանի աստղագետ Վիկտոր Համբարձումյանը:





























