Ցավոք, Հայաստանի եւ Իրանի միջեւ ստորագրված երկկողմ համագործակցության փաստաթղթերի  պահանջների կատարման բնագավառում  դեռեւս մեծ են չօգտագործված հնարավորություններ: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նա հույս է հայտնել դեսպանի աջակցությամբ հնարավորինս ակտիվացնել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Որպես առաջին քայլ՝ նախարարն անդրադարձել է  Հայաստանում «Հալալ» մակնշմամբ  սպանդանոցների շահագործումն արագացնելու խնդրին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ  ներկայացված տեղեկատվության համար` դեսպանը պատրաստակամություն է  հայտնել  հետեւողականորեն շարունակել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն աջակցելը  եւ  նպաստել երկկողմ համագործակցության հետագա խորացմանը:

Նախարարը դեսպանին տեղեկացրել է  նաեւ Իրանի գյուղատնտեսության նախարարին այս տարի աշնանը Հայաստան հրավիրելու մտադրության մասին, որը հնարավորություն կընձեռի առավել մանրամասն քննարկել առաջիկա անելիքները եւ հստակ մոտեցումներ ցուցաբերել կոնկրետ ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Ի պատասխան   իրանցի գործարարների կողմից Հայաստանում եգիպտացորենի արտադրությամբ զբաղվելու  հետաքրքրություն ունենալու մասին պարոն Ռեյիսիի բարձրացրած հարցի, նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու նման նախաձեռնություն ունեցող իրանցի բոլոր գործարարներին:

Այնուհետեւ  նախարարն առաջարկեց իրանական կողմին քննարկել նաեւ  իրանական ներդրումներով Հայաստանում կաթիլային ոռոգման սարքավորումների, կարկտապաշտպան ցանցերի արտադրություն կազմակերպելու հարցը: