Ժողովրդավարությունն անկում է ապրում նախկին խորհրդային երկրներում, քանի որ դրանց կառավարությունները ընդօրինակում են ռեպրեսիվ Ռուսաստանին, ասված է «Freedom House»-ի զեկույցում:

«Global Post»-ը, վկայակոչելով France-Presse գործակալությանը, հայտնում է, որ Եվրասիայում, որը ներառում է Ադրբեջանը, Բելառուսը, Ղրղըզստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը եւ Ռուսաստանը, հինգ մարդուց գրեթե չորսը  «բռնատիրական ռեժիմի պայմաններում են ապրում»:

Նախկին ԽՍՀՄ երկրների կառավարությունները ձգտում  են ճնշել քաղաքացիական հասարակության խմբերին եւ լրատվամիջոցների բերանը փակել:  «2013թ. երկրներն իրար հետեւից ձեռնամուխ են եղել հակաժողովրդավարական նորարարությունների, որոնք նախաձեռնել էր Մոսկվան»,– ասված է զեկույցում:

Ըստ զեկույցի՝ տասը տարի առաջ Եվրասիայում կոնսոլիդար բռնատիրական կառավարման պայմաններում էր ապրում հինգ հոգուց մեկը: «Այսօր ցուցանիշը հինգ մարդուց համարյա չորսն է, եւ այս միտումն արագանում է»,– նշել են զեկույցի հեղինակները: Ուսումնասիրված 29 երկրներից 13-ը գնահատվել են որպես ժողովրդավար,  6 –ը՝ անցումային ռեժիմով, 10-ը՝ բռնատիրական ռեժիմով: 16 երկրներում եւս ժողովրդավարության ընդհանուր ցուցանիշները նվազել են, այդ թվում՝ ԵՄ անդամ Բուլղարիայում, Չեխիայում եւ Հունգարիայում՝ կոռուպցիայի եւ կառավարման վատթարացման համար: