Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը, «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրի տնօրեն Ժ. Էդիլյանը եւ ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Հ. Պողոսյանը, այսօր՝ հունիսի 12-ին, ստորագրել են «Երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումների վերաբերյալ համատեղ ծրագրի իրականացման մասին» պայմանագիրը:
«Ուրախ եմ, որ այսօր կարող ենք խոսել անցած ճանապարհի մասին, վստահ եմ, որ հետամուտ կլինենք երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող փոփոխություններին, մեր ռեսուրսները կտրամադրենք՝ խնդիրները համատեղ լուծելու համար: Պետական կառավարման մարմինը միայնակ չի կարող լուծել բոլոր խնդիրները: Պետք է ուսումնասիրել, ախտորոշել դրանք եւ համակարգված առաջ գնալ: Երեխաների խնամքը պետք է կազմակերպվի ընտանիքում, ուստի մեր նպատակն է հզորացնել ընտանիքը: Ճանապարհը երկար է, արդյունքները պետք է լինեն չափելի եւ գնահատելի»,- նշել է Ասատրյանը:
Կողմերը պայմանավորվել են պարբերաբար հանդիպել, անդրադառնալ պայմանագրով նախատեսված աշխատանքների ընթացքին, լուծել ծագած խնդիրները:
Համաձայն պայմանագրի՝ «Կառավարության հետ համագործակցությամբ երեխայի բարեկեցության բարեփոխում» ծրագիրը կիրականացնի ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը, որի շրջանակներում նախատեսվում է կատարել փորձագիտական, իրավական եւ վերլուծական աշխատանքներ, որոնք էլ Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության բարեփոխումների իրականացման հիմք կհանդիսանան:
Փորձագիտական աշխատանքների մեկնարկը կտրվի հունիս ամսին եւ կավարտվի 2014 թվականի սեպտեմբերի 20-ին: Աշխատանքների ավարտին ծրագիրն իրականացնողները հանդես կգան գրավոր հաշվետվությամբ, ինչպես նաեւ կկազմակերպվի քննարկում շահագրգիռ գերատեսչությունների եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:





























