Հունիսի 12-ը Դատական կատարողի 7-րդ համաշխարհային օրն է, որը նշվում է Դատական կատարողների միջազգային միության անդամ երկրների կողմից: 1952 թվականին ստեղծված Դատական կատարողների միջազգային միությունը, որն արդեն ունի 73 անդամ երկիր՝ Դատական կատարողի համաշխարհային  օրը նշում է 2008 թվականից: Այս տարի այն նշվում է «Մարդու իրավունքների պաշտպանությունը եւ դատական կատարողը» խորագրի ներքո:

Դատական կատարողի համաշխարհային օրը առաջին անգամ  նշվում է նաեւ Հայաստանում: 2015 թվականին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայութունը կդառնա Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամ: Դեռեւս 2013 թվականի նոյեմբերին՝ Փարիզում կայացած Դատական կատարողների միջազգային միության խորհրդի նիստի ընթացքում, Միության նախագահ Լեո Նետենը Հայաստանի  ԴԱՀԿ ծառայությանը  առաջարկել է համագործակցությունը շարունակել արդեն իսկ Միության անդամի կարգավիճակով՝ հաշվի առնելով ծառայության ունեցած հաջողությունները: Այս առաջարկը ողջունել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը: Ներկայում ընթանում  է անդամակցության համար սահմանված գործընթացը:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի խոսքով` վերջին 4 տարիների ընթացքում բավական արդյունավետ աշխատանք է տարվում Միության հետ, որը պայմանավորված է տարբեր նախաձեռնությունների քննարկումներով, ինչպես նաեւ մի շարք երկրների հետ փորձի փոխանակմամբ:

Օրվա առիթով «Մարդու իրավունքների պաշտպանությունը եւ դատական կատարողը» խորագրի ներքո ԴԱՀԿ ծառայությունում կազմակերպվել է հանդիսավոր հավաք, որի ընթացքում Ծառայության գործունեության ուղղությունների եւ հեռանկարների վերաբերյալ ներկայացվել են զեկույցներ ծառայության ղեկավար կազմի աշխատակիցները:

Նշենք,  որ Ծառայութունում տեղի ունեցավ նաեւ առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման եւ ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողություն: