Ոստիկանությունը պետք է փորձաքննություն անցկացնի, որպեսզի պարզի, թե որքան վնաս է հասցրել քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրելյանը (Նավակ Ճոճող) Աֆրիկյանների տան սեփականատիրոջը` գրելով այդ շենքը պարսպող թիթեղի վրա: Այս մասին NEWS.am- հետ զրույցում ասաց Վիլեն Գաբրիելյանը, որն այսօր` հունիսի 12-ին բերման էր ենթարկվել Երևանի Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների տան մոտից՝ պարսպի վրա գրելու փորձ կատարելու համար:
«Պետք է փորձաքննություն անեն, թե կոնկրետ ես իմ գծած գծիկով որքան վնաս եմ հասցրել: Ըստ դրա կորոշվի՝ վարչական պատասխանատվության կենթարկեն, թե քրեական: Ուղղակի ոստիկանը անխելք է եղել ու չի մտածել, որ կարող էր թողնել շատ գրեի, նոր գար, բռներ, ինքը միանգամից եկել, բռնել ա: Ես մի գծիկ եմ արել, անգամ մի տառ չէի գրել: Մինչեւ 30 հազար դրամ վնասը վարչական մեղադրանք է, 30 հազարից բարձր՝ քրեական: Բայց քրեական լինել չի կարող, ես անգամ 70 դրամի վնաս չեմ տվել իրենց»,- ասաց Վիլեն Գաբրիելյանը, որը երեք ժամ Ոստիկանության Կենտրոնի բաժնում էր մնացել:
Նշենք, որ Վիլեն Գաբրիելյանին բերման են ենթարկել ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով:





























