Հունիսի 13-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանի` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի դեմ ներկայացրած հայցի շրջանակում հերթական դատական լսումներն են ընթանալու: Տեղեկությունն ինքը` հայցվորն է փոխանցել` հունիսի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Կարո Եղնուկյանը վստահ է, որ իր պատկերով ցուցանակը Սամվել Ալեքսանյանի հրահանգով է Փակ շուկայի շենքին հայտնվել:

Ի պատասխան լրագրողներից մեկի հարցի, թե արդյոք Եղնուկյանը որեւէ ապացույց ունի, վերջինս նշել է. «Այդպիսի ցուցանակ փակցնելու համար չափազանց երկար աստիճան էր հարկավոր: Կամ էլ` այն կարող էին ներսից փակցնել: Իսկ դա արդեն միայն լիազորություն ունեցող մարդը կարող էր անել: Մենք արդեն ոստիկանությանն ու գլխավոր դատախազությանն ենք դիմել` գաղափարի պատվիրատուին եւ իրականացնողին բացահայտելու նպատակով, բայց այդ կառույցներն անգործունակ են»:

Անդրադառնալով հարցին, թե ինչու գործը մինչ այժմ տեղից չի շարժվել, հայցվորը հիշեցրել է, որ վիճարկվող միջադեպը դեռեւս ութ ամիս առաջ է տեղի ունեցել, սակայն մինչ այժմ ոմն «Բողոյին» հարցաքննելուց բացի ոչինչ չի արվել: Ընդ որում, Կարո Եղնուկյանը հիշյալ վկային բացարձակապես այլ հարցի շուրջ է մեղադրել: Նախախորհրդարանի անդամը վստահ է, որ, ԱԺ պատգամավոր լինելով հանդերձ, Ալեքսանյանն այնքան երկար ձեռքեր չունի, որպեսզի կարողանա բոլոր ոստիկանների, քննիչների եւ դատավորների բերանը փակել: «Ակնհայտ է, որ ցուցումը վերեւից` Բաղրամյան 26-ից է ստավել: Քանի որ միայն հիշյալ հասցեից ստացված հրահանգներն են ողջ համակարգի վրա տարածվում եւ անխոս իրականացվում», - ընդգծել է Եղնուկյանը:

Իսկ թե ինչու պետք է «Բաղրամյան 26-ը» Ալեքսանյանին «պահի», հայցվորի համար միանշանակ պարզ է: «Մենք փորձում ենք համակարգի բոլոր բացթողումները ջրի երես հանել, իսկ այդ համակարգի պատասխանատուն Բաղյամյան 26-ն է»: Եղնուկյանն, այդուհանդերձ, անձնական բնույթի ոչինչ չունի օլիգարխի դեմ, ծանոթ չէ նրան եւ ծանոթանալու ցանկությամբ չի տոչորվում, ընդամենը արդար դատ է պահանջում:

Նշենք, որ հայցի բավարարման դեպքում պատասխանող կողմը պետք է 3 մլն դրամի չափով փոխհատուցում տրամադրի:

Սակայն Եղնուկյանը գտնում է, որ բացի գումարից, Ալեքսանյանը պետք է նոր ցուցանակ ամրացնի Փակ շուկային, որտեղ ինքը` հայցվորն ու պատասխանող կողմը պատկերված կլինեն եւ Ալեքսյանը հետեւյալ խոսքերը կնշվեն. «Պարոն Եղնուկյան, ներողություն եմ խնդրում արարքիս համար: Ներեցեք, էլ չեմ անի»: Դատական նիստը ժամը 11:30-ին կմեկնարկի: Նախագահող դատավորը Կարինե Պետրոսյանն է:

Հիշեցնենք` Փակ շուկային ամրացված ցուցանակը Կարո Եղնուկյանին է պատկերել` հետեւյալ գրառմամբ` «Մասոն. Ոչ վարձու ընդդիմադիրներին, արտասահմանյան լրտեսներին, գրանտակերներին: Դուք 700 նոր աշխատատեղի՞ն եք դեմ»: