Կառավարությունը, առողջապահության նախարարությունը, բժիշկները դեմ են և ընդամենը մի քանի հոգու կամքի արտահայտություն է, որ «Գովազդի մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը բերվել են խորհրդարան: Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 12-ին, նախագծերի երկրորդ ընթերցման ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Մինչև նրա հայտարարությունը ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը նշեց, որ օրինագծում առաջին ընթերցումից հետո ներառվել է 2 առաջարկ՝ թույլ տալ 20 տոկոսից բարձր ալկոհոլ պարունակող ոգելից խմիչքների գովազդ իրականացնել ժամը 22:30-ից 06:00-ը՝ ժամը 22։00-ից մինչև 06։00-ի փոխարեն։
Արամ Մանուկյանը հայտարարեց, որ հանձնաժողովում քննարկումների ժամանակ իրենք դեմ են խոսել այդ նախագծին եւ այն ընդամենը «լոբինգ» է:
«Սա ընդամենը լոբինգ է որոշ գործարար շրջանակներից: Լոբինգ է, որին ընդառաջ են գալիս պատգամավորներ և խորհրդարանից դուրս որոշ մարդկանց կամքն են կատարում: Ամոթ է. ամբողջ էս հասարակական հանրային ընթացքին դեմ եք գնում, խորհրդարանն էլ բերել ենք, մասնակից ենք դարձրել, որ էդ փոքր խնդիրը լուծե՞նք: Ինչի՞ համար՝ որ այդ ալկոհոլը գովազդվի՞: Հազիվ-հազիվ մի քիչ առաջ էինք գնացել՝ ծխախոտի, ալկոհոլի համար: Ինչի՞ եք տուրք տալիս էս ձևի բաներին»,-ասաց Արամ Մանուկյանը:
Նա նշեց, որ ինքն արտահայտում է նաեւ ՀՅԴ եւ «Ժառագություն» խմբակցությունների կարծիքը:
Արամ Մանուկյանի խոսքով՝ ամբողջ աշխարհը գնում է խմիչքի և ծխախոտի գովազդի նվազեցմանը, ծխախոտի դեմ լայնածավալ պայքարի՝ հնարավորինս զերծ պահելով երեխաներին ծխախոտի և խմիչքի գովազդից. «Սա եւ առողջապահական խնդիր է, եւ անվտանգության խնդիր։ Բոլորիս համար պարզ է, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ ծխախոտի ու խմիչքի գովազդը, երբ այն մասսայական է»:
Նշենք, որ օրինագիծն առաջարկում է թույլ տալ 20 տոկոսից բարձր ալկոհոլ պարունակող ոգելից խմիչքների գովազդը ժամը 22։00-ից մինչև 06։00-ը: Այժմ Հայաստանում արգելված է թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը հեռուստատեսությամբ և ռադիոյով, թույլ են տրվում գովազդի այլ տեսակները, այդ թվում՝ արտաքին:




























