Հունիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով միջազգային խորհրդակցությունն իր աշխատանքները շարունակեց նաեւ հունիսի 12-ին:

Նույն օրը խորհրդակցության մասնակիցները, ուղեկցությամբ Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի եւ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին: Հուշահամալիրում կատարվեց նաեւ Հոգեհանգստյան կարգ:

Երեկոյան` խորհրդակցության ամփոփիչ նիստից հետո, Ս. Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանների ու խորհրդակցության մասնակիցների, կատարվեց խաղաղության աղոթք Սիրիայի համար:

Արարողությունից առաջ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը աղոթակից ժողովրդին ներկայացրեց Մայր Աթոռում գումարված խորհրդակցության նպատակն ու արդյունքները` հրավիրելով նաեւ Սիրիայում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին շաղախելու աղոթք:

Արարողության ընթացքում տարբեր Քրիստոնեական Եկեղեցիների ներկայացուցիչներ իրենց առանձնական աղոթքով հայցեցին, որ Բարձրյալի օգնականությամբ խաղաղությունն ու համերաշխությունը վերահաստատվեն Սիրիայում, եւ Սիրիայի աստվածասեր ժողովուրդը վերագտնի իր ապահով ու բնականոն կյանքի ընթացքը: