Մայիսի 19-ից էլեկտրոնային աճուրդի հանված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը երրորդ անգամ է դրվելու հարկադիր աճուրդի, քանի որ այսօր՝ հունիսի 12-ին ավարտվել է հայտերի ներկայացման ժամկետը, եւ կրկին որեւէ  հայտ չի ներկայացվել:

Նշենք, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.4 հոդվածով նախատեսվում է երկրորդ և հետագա հարկադիր էլեկտրոնային աճուրդների անցկացման կարգը, այն է՝ յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո երրորդ աշխատանքային օրը դրվում է աճուրդի նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված գնով:

Համալիրը առաջին անգամ աճուրդի էր հանվել մայիսի 19-ին՝ 19 մլրդ 350 մլն դրամով, սակայն մինչեւ մայիսի 29-ը որեւէ հայտ չէր ներկայացվել, եւ երեք օր անց՝ հունիսի 2-ին այն աճուրդի էր հանվել 17 մլրդ 410 մլն դրամ արժեքով: Մարզահամերգային համալիրը աճուրդի կհանվի հունիսի 15-ին, այս անգամ՝ 15 մլրդ 669 մլն դրամ արժեքով:

Նշենք, որ Մարզահամերգային համալիրի տնօրինությունը պնդում է, թե համալիրի աճուրդի որոշումը ապօրինի է, եւ հայց է ներկայացրել դատարան: