Իշխանություններն իրենց խոսքի տերը չեն. կենսաթոշակային բարեփոխումների շուրջ այլ քաղաքական ուժերի հետ չեն համագործակցում: Հայտարարությունը հունիսի 13-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն է հնչեցրել:

«Խնդրել էին, որ մասնագետներ ներկայացնենք` քննարկումների համար: Մեր խմբակցությունը չորս անուն էր տվել, սակայն մինչ օրս այդ մարդիկ որեւէ քննարկումների չեն ներգրավվել: Մինչ այդ, մեզ հասած տեղեկություններով, նոր օրենսդրական փաթեթն արդեն պատրաստ է: Միասին չէին ուզում` իրենց գործն է, տեսնենք` միայնակ ինչ են արել: Կարծում եմ` այն իշխանության փորձաքարը կդառնա», - նկատել է պատգամավորը:

Հիշեցնենք` մայիսի 19 -ին մեկնարկած արտահերթ քառօրյա նստաշրջանի ընթացքում Ազգային Ժողովը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին նախագծին, համաձայն որի պարտադիր կուտակային մասհանումները ժամանակավորապես դադարեցվում են:  ՍԴ ապրիլի 2-ի որոշմամբ, կենսաթոշակային համակարգի վերջնական տարբերակը` օրենսդրական փաթեթի տեսքով, պետք է մինչեւ սեպտեմբերի 30-ը մշակվի: