Հայաստանում սպանում են եզակի վայրի կենդանիների՝ էկզոտիկ կերակուրներ պատրաստելու համար: Այդ մասին հունիսի 13-ի մամուի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Թռչունների սիրահարների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանը:
Նրա խոսքով՝ հանրապետության խոշոր ռեստորանային համալիրներում, որտեղ պահվում են վայրի կենդանիներ, հաճախ ճաշացանկում կարող ենք տեսնել դրանց մսից պատրաստած կերակուրներ: «Վայրի վարազի կամ արջի միսը ռեստորանի ճաշացանկում ընդգրկելու համար հատուկ թույլտվություն է պետք ստանալ», - ասաց Ադամյանը:
Վերոնշյալ խնդիրներից բացի, բնապահպանը, չցանկանալով կոնկրետ անձանց անուններ տալ, ընդգծեց, որ երկրում մի շարք ազդեցիկ ու հարուստ մարդիկ վայրի կենդանիներ պահում են, որոնցից մի քանիսը գրանցված են Կարմիր գրքում, բացառապես մոդայի, զվարճանքի ու ինքնահաստատման համար: «Ընդ որում, վայրի կենդանիները ոչ պատշաճ պայմաններում են ապրում, նրանցից շատերը դաժան վերաբերմունքի զոհ են դառնում», - վրդովմունքով նշեց բնապահպանը՝ ավելացնելով, որ վերջին հաշվով նրանց մի մասը մահանում է, մյուս մասը՝ փախչում: Իսկ որոշ կենդանիների հետ հանդիպումը կարող է ողբերգական ավարտ ունենալ:
Լրագրողի հարցին, արդյոք կազմակերպությունը կամ բնապահպանության նախարարությունը մասնավոր անձանց մոտ պահվող վայրի կենդանիների մասին թվային տեղեկություններ ունե՞ն, բնապահպանը պատասխանեց, որ այդպիսի ցուցակ չկա՝ չնայած բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին արված նմանատիպ բազմաթիվ առաջարկությունների: Եւ այսօր, Ադամյանը մտադիր է կրկին դիմել նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանին՝ վայրի կենդանիներ պահելու օրինականության ու նրանց պահպանման պայմանների բացահայտման նպատակով համապատասխան միջոցառումներ անցկացնելու համար:





























