Գարեգին Նժդեհի ազգականուհին` 75-ամյա Էմմա Սահակյանը մտադիր է այսօր, նախագահական նստավայրի դիմաց լրագրողների հետ հանդիպում կազմակերպել: Հայտարարությունը հունիսի 13-ին, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն է հնչեցրել:

Պատգամավորը հիշեցրել է, որ անօթեւան մնացած Էմմա Սահակյանն արդեն երկու տարի է` անժամկետ նստացույց է անցկացնում նախագահականի դիմաց:  «Շոգին եւ ցրտին, երկու տարի շարունակ, տարեց կին: Նման դեպք ոչ Հայաստանում, եւ ոչ էլ երեւի աշխարհում չի եղել», - հայտարարել է խորհրդարանականը:

Էմա Սահակյանին աջակցության են գալու այն նախկին օդաչուները, որոնք եւս տարիներ շարունակ յուրաքանչյուր ուրբաթ` առավոտյան ժամերին նախագահի նստավայրի մոտ են հավաքվում` մասնագիտական հիվանդությունների նպաստ պահանջելու նպատակով:

«Խնդրում եւ կոչ եմ անում բոլորիդ` գնացեք այդ հանդիպմանը, եւ եթե կարողանաք որեւէ լավ բան անել` անպայման արեք դա», հայտարարել է Արամ Մանուկյանը: