ՀՀ վարչապետի որոշմամբ աշխատանքից այսօր՝ հունիսի 13-ին, ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Արամ Անանյանը։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից:

Նշենք, որ Արամ Անանյանն այդ պաշտոնը զբաղեցրեց ընդամենը 22 օր. Նա նշանակվել էր մայիսի 21-ին:

Ըստ որոշման՝ Անանյանն ինքն է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել։

Թե ինչու է ազատման դիմում ներկայացրել Արամ Անանյանը, դեռ պարզ չէ: Սակայն ըստ «Փաստինֆո»-ի՝ աշխատակազմի արդեն նախկին ղեկավարը պաշտոնավարման ընթացքում հասցրել է հայտնվել սկանդալի մեջ: Մասնավորապես՝ նրա անունը շրջանառվում էր հունիսի 4-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի գործով: 59-ամյա Արամ Անանյանի «Volkswagen Touareg» մակնիշի 99 ՍՍ 500 համարանիշի ավտոմեքենան հունիսի 4-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է իր առջևով ընթացող, Աբովյանի բնակիչ, 24-ամյա Սևակ Սուքիասյանի վարած «ՎԱԶ 21083» մակնիշի 31 ՕՕ 011 համարանիշի ավտոմեքենային:

Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ ղեկին գտնվել է Անանյանի ընկերը, ով խնդրել էր Անանյանին մեքենան տրամադրել՝ հարսանիքի գնալու համար։

Մինչդեռ, Shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքից հետո վթարի վայր էր ժամանել մի երիտասարդ, ով ՃՈ աշխատակիցներին ասել էր, թե վարորդն իր հայրն է եղել ու աշխատում է պետական գերատեսչությունում՝ որպես աշխատակազմի ղեկավար: