Նորարար փորձառական արվեստի կենտրոնում հունիսի 13-ին պաշտոնապես ազդարարվել է «Հայաստանում աղետների վնասների կանխարգելման եւ երեխաների խոցելիության նվազեցման» ծրագրի մեկնարկը:
Այն իրականացնելու է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը` ԱՄՆ աղետների միջազգային աջակցության գրասենյակի ֆինանսավորմամբ, ՀՀ արտակարգ իրավիճակների, քաղաքաշինության, կրթության եւ գիտության նախարարությունների հետ համատեղ:
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել ՀՀ կառավարության կրթական հաստատությունների աղետների ռիսկի նվազեցմանը եւ երեխաների անվտանգությանը բնական վտանգավոր երեւույթներից՝ Հայաստանի առավել ռիսկային տարածքներում գտնվող առավել ռիսկային դպրոցների ազգային գնահատման ծրագրի մշակման եւ իրականացման միջոցով:
Քաղաքաշինության փոխնախարար Ա. Ղուլարյանը, շնորհակալություն հայտնելով ծրագրին աջակցող միջազգային կազմակերպություններին, նշել է, որ դպրոցների շենքերի անվտանգությունն առանցքային խնդիր է, եւ ծրագրի իրականացման ընթացքում քաղաքաշինության նախարարությունը լինելու է շինարարական նորմերի պահպանման ու դպրոցների շենքերի խոցելիության գնահատման երաշխավորը:
ԱՄՆ ՄԱԶԳ Ժողովրդավարության, առողջապահության եւ սոցիալական բարեփոխումների գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Քեթրին Դոուն եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետ Արենսն իրենց խոսքում ընդգծել են, որ ուրախ են աջակցել այս չափազանց կարեւոր նախաձեռնությանը:
Ծրագրի խնդիրները ներկայացրել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տ. Թովմասյանը: Դրանք են`
• • նպաստել դպրոցների անվտանգության քարտեզի մշակմանը, որը ներկայացնում է Հայաստանում սեյսմիկ եւ այլ աղետների ռիսկին ենթակա դպրոցները.
• • բացահայտել առավել ռիսկային դպրոցների տիպերը՝ դպրոցների շինարարական նախագծերի վերլուծությունների ուսումնասիրության միջոցով, որն հիմնական նպատակն է պարզել դրանց համապատասխանությունն առկա սեյսմիկ շինարարության նորմերին.
• • բացահայտել երկրի ամենախոցելի 60 դպրոցները՝ ամենախոցելի տարածքներում կառուցված դպրոցների ակնադիտական եւ գործիքային մանրամասն ուսումնասիրության միջոցով` ներառյալ դպրոցական շենք-շինությունների ուժեղացման կամ փոխարինման նախահաշիվը.
• • ՀՀ կառավարությանը ներկայացնել առաջարկներ դպրոցների սեյսմիկ ուժեղացման կամ փոխարինման վերաբերյալ, որը ներառում է առաջնահերթ դպրոցները, անհրաժեշտ գործողությունները, ծախսերը, ֆինանսավորման աղբյուրները եւ ժամանակացույցը:





























