Վերջին օրերին խմբագրություն են զանգահարում քաղաքացիներ, ովքեր հայտնում են, որ իրենց բանկային հաշիվների նկատմամբ կիրառվում է նրանց ունեցած պարտքին կամ ֆինանսական պարտավորվածությանը ոչ համարժեք կալանք: Խնդիրը հասկանալու համար քաղաքացիները դիմել են ԴԱՀԿ-ին, սակայն ոչ մի կերպ չեն հասկանում, թե ինչու է ընդհանուր հաշվի վրա կալանք դրված: Նրանց փոխանցմամբ՝ արդեն մի քանի օր ԴԱՀԿ-ում մեծ հերթեր են գոյացել:

Պարզաբանում ստանալու համար դիմեցինք ԴԱՀԿ մամուլի ծառայությանը, որտեղից մեզ հայտնեցին. «ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով հարկադիր կատարողների կողմից պարտապանների բանկային հաշիվների վրա արգելանք է կիրառվում ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 29.08.2006թ. թիվ 520-Ն որոշմամբ սահմանված կարգով: Վերոնշյալ որոշմամբ հաստատված հավելվածի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին» որոշման ձեւանմուշի (Ձեւ 1) «ՈՐՈՇԵՑԻ» մասում նշվում է արգելադրման ենթակա գումարի չափը: Ամփոփելով վերոգրյալը՝ պետք է փաստել, որ Հարկադիր կատարման ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով արգելանք է կիրառվում պարտապանի ունեցած պարտավորությունների չափով»:

Ծառայության մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը նշեց նաեւ, որ բացի ԴԱՀԿ-ից՝ արգելանք կարող է դնել նաեւ հարկային մարմինը:

«Արգելանք դնելու մասին որոշումը օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկվում է կատարման Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, բացառությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով արգելանք դնելու մասին որոշման: Արգելանքը դրվում է անհապաղ՝ պարտավոր անձի հարկային պարտավորությանը համարժեք գույքի վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»: Արդյունքում պետք է փաստել, որ բացի Հարկադիր կատարման ծառայությունից, արգելանքներ կիրառելու լիազորությամբ օժտված է նաեւ հարկային մարմինը՝ «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Վերոնշյալ օրենքի 30.2-րդ հոդվածով կարգավորվում են հարկային մարմնի կողմից արգելանքներ կիրառելու կարգն ու պայմանները»,- ավելացրեց նա: