Երեւանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի տան մոտ հունիսի 6-ին հնչած կրակոցների գործով ոստիկանությունը պարզել է մասնակիցներին: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից:
«Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ու քննչական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 10-ին, ժամը 23.10-ին, բաժին էր ներկայացել 1990 թ. ծնված Սամվել Ք.-ն եւ ներկայացրել առանց գործարանային համարի, 9 մմ տրամաչափի «Մակարով» տիպի ատրճանակը` հայտարարելով, որ հունիսի 6-ին Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում նշված ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ:
Սամվել Ք.-ն ձերբակալվել էր, ատրճանակը` ուղարկվել փորձաքննության:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությանը մասնակցել են նաեւ 1988 թ. ծնված Հովհաննես Կ.-ն, 1987 թ. ծնված Ռաֆայել Մ.-ն, 1974 թ. ծնված Սեդրակ Փ.-ն եւ 1993 թ. ծնված Գոռ Հ.-ն: Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ` Հովհաննես Կ.-ն, Սեդրակ Փ.-ն եւ Ռաֆայել Մ.-ն ներկայացել են բաժին եւ տվել խոստովանական ցուցմունքներ:
Սեդրակ Փ.-ն ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Գոռ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է»:





























