Կառավարությունն այսօր՝ հունիսի 14-ին, կուսակցությունների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի իր տարբերակը, որով պետական աշխատողներից շարունակելու են գանձումներ կատարել, իսկ ոչ պետական հիմնարկների աշխատակիցները կարող են մինչեւ 2017թ. հուլիսի 1-ը չմասնակցել համակարգին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, որը մասնակցում էր աշխատանքային խմբի հանդիպմանը:
«Կառավարությունը նախնական ներկայացրել է կուտակայինի մասին իր տեսակետը աշխատանքային կարգով, մենք դեռեւս գրավոր փաստաթուղթ չենք ստացել: Պետական հատվածի համար կառավարությունը ցանկանում է պահպանել պարտադիր կուտակայինը, քանի որ հուլիսի 1-ից նրանց աշխատավարձը բարձրանալու է: Իսկ ոչ պետական հիմնարկների աշխատողների համար նախատեսվում է 2017թ. հուլիսի 1-ը: Նրանց նկատմամբ պարտադիր պահումները կկիրառեն այդ ժամկետից: Մեխը սա է, այս ձեւաչափն է քննարկվում, սակայն սա ընդամենը քննարկում է աշխատանքային կարգով: Նրբություններ էլ կան: Եթե կամավորը ցանկանում է միանալ համակարգին, ապա պետությունն էլ է օգնում: Այսինքն մի քանի աշխատանքային մոտեցումներ կան, որ պետք է քննարկվեն, ուսումնասիրվեն»,- ասաց նա:
ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ կուսակցությունները կառավարության առաջարկի վերաբերյալ իրենց դիրքորոշումները դեռ չեն հայտնել:
Նշենք, որ քննարկմանը մասնակցել են Ազգային ժողովի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչները:





























