Քալիֆորնիական Բըրբանք քաղաքում պատրաստվում են նոր դպրոց բացել վերջին շրջանում ԱՄՆ փոխադրված հայ ներգաղթյալների երեխաների համար: Բըրբանքի դպրոցական խորհրդի անդամները կողմ են քվեարկել այդ նախաձեռնությանը: Հարցը նրանց քննարկելու են նաեւ հուլիսի 17-ին՝ վերջնականապես հաստատելու համար: Այս մասին տեղեկացնում է «Burbank Leader»-ը:
Խորհրդի նիստի ժամանակ դիմելով դպրոցական պաշտոնյաներին՝ Ջուլիա Երանոսյան-Ագիշյանն ասել է, որ դպրոցը կրթական հնարավորություններ է ապահովելու նոր ներգաղթյալների համար: «Մենք չենք ցանկանում որեւէ բան վերցնել Բըրբանքի Միացյալ դպրոցական շրջանից: Հակառակը, մենք ցանկանում ենք ավելացնել: Ես չեմ ցանկանում հատուկ նշանակություն տալ հայ համայնքին, սակայն նոր ներգաղթյալների պատճառով բավական մեծ մշակութային տարբերություն կա այն երկրի միջեւ, որտեղից նրանք ժամանում են, եւ այն վայրի, որտեղ նրանք հիմա բնակվում են: Մենք ցանկանում ենք հաղթահարել այդ տարբերությունը»,- ասել է նա:
Նոր դպրոցի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերած ծնողների ստորագրած ցուցակի համաձայն, բացի Բըրբանքի երեխաներից, այդ կրթօջախ են հաճախելու նաեւ այլ բնակավայրերի երեխաներ, օրինակ՝ Լա Կրեսենտից, Թահունգից, Գլենդեյլից, Շերման Օուքսից, Կանյոն Քանթրիից, Վան Նայսից, Հյուսիսային Հոլիվուդից եւ Գրանադա Հիլզից: Դպրոցը ծառայելու է մանկապարտեզի տարիքից մինչեւ 12-րդ դասարանի երեխաներին՝ ձգտելով աշակերտներին պատրաստել քոլեջի եւ հետագա կարիերայի համար, որպեսզի նրանք կարողանան մրցունակ լինել:




























