Սիրիայի բանակի եւ զինված ուժերի գերագույն հրամանատարությունը տարածած հայտարարությունում ընդգծել է Լաթաքիա նահանգի հայաբնակ Քեսաբ քաղաքի ազատագրման կարեւորությունը` հաշվի առնելով տվյալ բնակավայրի աշխարհագրական հատուկ դիրքը: Սիրիայի պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալության ստացած հաղորդագրությունում ասվում է, որ արդյունքում բանակային ստորաբաժանումները կարողացել են խափանել ահաբեկիչների`Թուրքիայի սահմանին դեպի ծով ելք ստեղծելու փորձը: «Հանցախմբի անդամների մեծամասնության ոչնչացումից եւ նրանց տեխնիկան ավերելուց ու զենքերը զավթելուց հետո բանակային տորաբաժանումները վերականգնել են անվտանգությունը եւ կայունությունը Լաթաքիա նահանգի Քեսաբ քաղաքում: Զինված ուժերը կշարունակեն կատարել իրենց հայրենասիրական պարտքը` մինչեւ որ հայրենի երկրի յուրաքանչյուր հատվածում անվտանգության եւ կայունության հաստատվի», - նշվում է փաստաթղթում: Փոխանցվում է նաեւ, որ Քեսաբում մասնագետներն արդեն ականազերծել են տարբեր վայրերում տեղադրված ռումբերը եւ պայթուցիկ սարքերը:
Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան Սիրիայի Քեսաբ քաղաքը, որտեղ հիմանականում հայեր եւ ալեւիներ են ապրում, զանգվածային զինված հարձակման էր ենթարկվել երկրի ընդդիմության ավազակային խմբավորումների կողմից: Երկու խոշոր ահաբեկչական խմբավորումներ Սիրիա էին ներխուժել Թուրքիայի տարածքից: Քեսաբի բնակչության մեծ մասը Լաթաքիա էր տարհանվել:





























