Բրիտանիայի մահմեդական խորհուրդը մտահոգություն է հայտնել երկրի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի` «հասարակության մեջ բրիտանական արժեքները առաջ տանելու» առաջարկի առնչությամբ:

Խորհրդի  բանաձեւում ասվում է, որ կազմակերպության անդամները դեմ չեն բրիտանական արժեքներին, սակայն կցանկանային, որպեսզի մահմեդականներին ընդունեն որպես հասարակության` իրենց առանձնահատկություններն ունեցող շերտ:

Հունիսի 15-ին Mail թերթում հրապարակվել էր Քեմերոնի հայտարարությունը, որ Բրիտանիան մինչ այժմ խիստ հանդուրժողական է եղել իսլամական ծայրահեղականության նկատմամբ, փոխանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Նա դպրոցներին կոչ է արել աշակերտների շրջանում բրիտանական արժեքներն առաջ մղել` մտքի ազատություն, հանդուրժողականություն, հարգանք եւ հավատարմություն օրենքի գերակայությանը:

Ըստ նրա` վերջին տարիներին Մեծ Բրիտանիան հետեւում է մի գաղափարախոսության, որն անհագստացնում է:

«Դուք չեք հավատում ժողովրդավարությանը, դա բնական է. դուք չեք աջակցում իրավահավասարությունը` պետք չէ անհանգտանալ, դուք միանգամայն անհանդուրժողական եք ուրիշների նկատմամբ` մենք նախկինի պես հանդուրժողական կլինենք ձեր նկատմամբ», - վարչապետի խոսքերն է մեջբերում Mail-ը:

«Դա թույլ է տվել, որպեսզի ծաղկի ծայրահեղականությունը», - ասել է Քեմերոնը:

Նրա հայտարարությունը հնչել է Բիրմինգհեմի մահմեդական դպրոցներում բռնկված սկանդալին զուգահեռ, որտեղ աշակերտներին իբր ծայրահեղական գաղափարներ են քարոզել: