Արարատի մարզում հունիսի 13-ին երեկոյան վթարի ենթարկված վանաշենցի աղջնակն իրականում 9 տարեկան է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանաշենի գյուղապետ Արտաշես Գրիգորյանը:
«Աննան 9 տարեկան է, ոչ թե 12, ինչպես ներկայացրել էին: Ամբողջ գյուղը սգի մեջ է: Աննայենց ընտանիքը գյուղի ամենահարգված ընտանիքներից մեկն է, բազմանդամ ընտանիք են, իսկ Աննան էլ մի քույր ունի, իրենից մեկ տարով մեծ, սակայն նույն դասարանում էին սովորում, ոնց որ զույգեր լինեին»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Հովհաննիսյանների տունը գտնվում է հենց Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհին: Դեպքի պահին Աննայի հետ քույրն է եղել եւ հորեղբոր աղջիկը:
«Դեպքի պահին Աննայի ծնողներն ավտոճանապարհի մյուս կողմում են եղել, այնտեղ սեփականաշնորհված հողամաս ունեն, իսկ Աննան էլ քրոջ ու հորեղբոր աղջկա հետ տանը: Թե ինչ է տեղի ունեցել, չգիտենք: Աննային քրոջ աչքերի առաջ են մեքենայի տակ գցել, քույրը չի խոսում, հոգեբանական ծանր վիճակում է»,- ավելացրեց գյուղապետը:
Վանաշեն համայնքի բնակիչներն այս պատահարից հետո պատրաստվում են դիմել ոստիկանություն, որպեսզի ճանապարհի այդ հատվածում արագաչափ տեղադրվի:
Նշենք, որ երեխային վրաերթի է ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ 30-ամյա Արտակ Բարսեղյանը:





























