Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ «Ճանաչիր մայրաքաղաքդ» ծրագրով ՀՀ տարբեր զորամասերում ծառայություն անցնող, զինծառայողների համար կազմակերպվելու են զբոսանք-էքսկուրսիաներ Երեւանի տեսարժան վայրերով, այցելություն թանգարաններ։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը «Ճանաչիր մայրաքաղաքդ» նախաձեռնությամբ դիմել էր Երեւանի քաղաքապետարանին։

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարեց անմիջապես նախաձեռնել համագործակցության համար անհրաժեշտ՝ Երեւանի քաղաքապետարանի մասով բոլոր միջոցները, որ ծրագրի իրականացումը ոչ մի օր չհապաղի։ Այդպիսով, քաղաքապետարանը ծրագրին սիրով առաջարկեց այդ առումով լավագույնն, ինչ ունենք՝ «Երեւան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղին, որը մեկ ամիս՝ յուրաքանչյուր կիրակի, մեր զինծառայողներին ենք տրամադրելու»,- նշել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը։

Զինծառայողների առաջին խումբը, «Երեւան Սիթի Տուր» երկհարկանի ավտոբուսով շրջելով Երեւանի տեսարժան վայրերով, այցելել է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, էքսկուրսավարների ուղեկցությամբ ծանոթացել ցուցադրությանը։