«Վերնիսաժում» մայիսի 17-ին վիրավորված Վալերի Հովհաննիսյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրա մոտ բարդություններ են առաջացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վալերիի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:
«Հետվիրահատական փուլում է, մոտը բարդություններ են առաջացել, թարախակալումներ կան, հիմա բժիշկները փորձում են բացառել հետագա խնդիրները: Ամեն դեպքում ստացիոնար բուժումը պետք է շարունակի»,- ասաց նա:
Անդրադառնալով գործի քննությանը՝ փաստաբանը նշեց, որ մեքենան, որի մեջ կրակել են իր պաշտպանյալի վրա, դեռ չի հայտնաբերվել. «Հիմա մեր նպատակն է, որ մեքենան հայտնաբերվի, որպեսզի պարզ դառնա՝ Վալերիի վրա մեքենայի մեջ են կրակել, թե ոչ: Եթե մեքենայի մեջ է եղել, խուլիգանության մասին խոսակցություններն անհիմն են: Պետք է տրամադրել՝ եթե հրազենային վնասվածքը ստացել է մեքենայի մեջ, ուրեմն մեքենայի մեջ խուլիգանությո՞ւն է կատարել: Այնպես որ սպասենք մեքենայի հայտնաբերելուն»:
Նշենք, որ լրագրողների հետ զրույցում Վալերի Հովհաննիսյանի փաստաբանը հայտնել էր, որ իր պաշտպանյալի վրա կրակել են իր հորը պատկանող մեքենայի մեջ, սակայն դեպքից անմիջապես հետո մեքենան անհետացել է: Մինչդեռ Գոռ Առաքելյանի փաստաբանը՝ Երեմ Սարգսյանը, NEWS.am-ին ասել էր, որ Գոռ մեղադրանքի մեջ հստակ նշված է, որ Վալերին բռնություն է գործադրել նրա նկատմամբ, վիճաբանությունն ու ծեծկռտուք հրահրողն էլ հենց Վալերին է եղել:
Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, որը դեռ հիվանդանոցում է, մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Հունիսի իննին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանցագործություն կատարելու մեջ, այն է՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից: Այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Ենթադրվում է, որ Վալերի Հովհաննիսյանը նույնպես հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կձերբակալվի։ Նշենք, որ նա ամենածանրն էր վիրավորվել մայիսի 17-ին եւ երկարատեւ բուժման կարիք ունի։





























