Քանաքեռ-Զեյթուն թաղամասում հունիսի 6-ի երեկոյան հնչած կրակոցների գործով ձերբակալված Սամվել Քոթանջյանին երաշխավորությամբ ազատ են արձակել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նշենք, որ Սամվել Քոթանջյանը Երեւանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին է:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին ժամը 22.50-ին Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, անհայտ անձանց միջեւ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, Քոթանջյանը ատրճանակից մի քանի անգամ կրակել էր օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել էին փախուստի: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ եւ 1 գնդակ: Հունիսի 10-ի երեկոյան օդ կրակած Սամվել Քոթանջյանն ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: