Ադրբեջանում Միջազգային Կարմիր խաչի կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչները, ի տարբերություն Հայաստանի իրենց գործընկերների, զրկված են իրավասությունների զգալի մասից: Նման կարծիք է հայտնել Անհետ կորած ազատամարտիկների հարազատների խորհրդի նախագահ Ռիմա Առաքելյանը:
Հասարակական կազմակերպության ղեկավարը հիշեցրել է, որ հունիսի 13-ին կայացել է Գերիների եւ անհետ կորածների հարցերով հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել են որոնման աշխատանքների, անհետ կորածներին օգնություն ցուցաբերելու հետ կապված հարցեր. «Հայաստանի իշխանություններն անհետ կորածների որոնման հարցն առաջնահերթ են համարում: Ի տարբերություն ադրբեջանցիների, որոնց համար այդ հարցն առանձնակի նշանակություն չունի»:
Ռիմա Առաքելյանի խոսքով, հայկական կողմը բազմիցս քայլեր է ձեռնարկել՝ Ադրբեջանի Պետհանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպում նախաձեռնելու համար, բայց ապարդյուն: «Ինչ է, Ալիեւը երեխաներ չունի՞»,- հռետորական հարց է ուղղում Ռիմա Առաքելյանը:
Ներկայում Հայաստանից անհետ կորած է համարվում ավելի քան 200 մարդ: Տարբեր ժամանակներում տեղեկություններ են ստացվել նրանց մի մասի գտնվելու վայրի մասին: Տեղեկությունները ճշտելուց հետո ավելի քան 90 ազգանուն ներառող ցուցակ է ստացվել:





























