Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման հիմնական մարտահրավերներն ու միտումներն են քննարկվել միջազգային սեմինարին, որը կայացել է հունիսի 12-13-ին, Խորվաթիայի Զագրեբ քաղաքում:
«Կրթության որակի ապահովումը TEMPUS-ի գործընկեր երկրների բուհերում» խորագրով սեմինարը կազմակերպել էին Եվրոպական հանձնաժողովը եւ EACEA (The Education, Audiovisual and Culture Executive Agency):
Սեմինարի նպատակն է վեր հանել եւ քննարկել որակի ապահովման ոլորտում առկա մարտահրավերները եւ միտումները TEMPUS-ի գործընկեր երկրներում: Մասնավորապես, նպատակն է թիրախավորել այս երկրների կարիքները եւ քննարկել ներկայում ընթացող բարեփոխումները բուհերի մակարդակով:
Սեմինարին զեկույցով հանդես է եկել ՀՀ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը: Զեկույցի թեման էր «Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման խնդիրներն անցումային ժամանակաշրջանում: Վստահության ձեւավորում»: Թոփչյանը ներկայացրել է որակի ապահովման հիմնական մարտահրավերները, բարեփոխումները, դրանց ազդեցությունը ընդհանուր համակարգի վրա եւ միտումները Հայաստանում` համեմատական անցկացնելով Արեւելյան Եվրոպայի այլ երկրների հետ:




























