Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական ճանապարհով լուծումն անհնար է: Այս մասին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի՝ «Հարավային Կովկաս. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով «Ռոուզ-ռոութ» 86-րդ սեմինարի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահ Հյու Բեյլին:
Նա նաեւ նշել է, որ կառույցը շարունակելու է ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ. «ՆԱՏՕ-ի նպատակը կողմերի միջեւ փոխհամաձայնության հասնելն է: Հարկավոր է իմանալ, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական ճանապարհով լուծումն անհնար է: Այս խնդիրն անհրաժեշտ է լուծել փոխզիջումների ճանապարհով»:
Հյու Բեյլիի խոսքով, չնայած ՆԱՏՕ-ն չի մասնակցում այդ գործընթացին, կառույցը կշարունակի փոխհամաձայնության հասնելու շուրջ ջանքերը. «Մենք կարեւոր ենք համարում կողմերի միջեւ վստահության ձեռքբերումը»:
Հիշեցնենք, որ հունիսի 16-18-ը Բաքվում անցկացվում է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ-ռոութ» 86-րդ սեմինարը՝ նվիրված Հարավային Կովկասին: Հայաստանից սեմինարին մասնակցում են ԱԺ իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:





























