Իսրայելական օդուժը հարձակվել է Գազայի հատվածի վրա՝ ի պատասխան երկրի հարավի խոշորագույն քաղաքներից մեկի հրթիռակոծության փորձի:

«Պաղեստինի ձայն» ռադիոկայանի տեղեկացմամբ, հրթիռակոծության են ենթարկվել ՀԱՄԱՍ եւ «Իսլամական ջիհադ» իսլամիստական խմբավորումների դիրքերը, ինչի արդյունքում մոտակայքում գտնվող տներից երեք մարդ է վիրավորվել:

«Ի պատասխան հրթիռակոծության… իսրայելական ռազմաօդային ուժերը հարձակում են գործել Գազայի հատվածի ահաբեկչական մի օբյեկտի, երեք զինանոցի եւ հյուսիսային հատվածում գտնվող պահեստի վրա»,- РИА Новости-ի փոխանցմամբ, ասված է իսրայելական բանակի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Նախօրեին հակահրթիռային «Երկաթե գմբեթ» համակարգը երկու պաղեստինյան հրթիռ է բռնել, որոնք Գազայից թռչում էին դեպի Աշկելոն քաղաք: Փոխադարձ հարվածները շարունակվում են արդեն երեք օր: Առայժմ զոհեր չկան:

Նշենք, որ Իսրայելի հարավի հրթիռակոծությունն եւ Գազայի հատվածի պատասխան ռմբակոծումը տեղի են ունենում Հորդանան գետի Արեւմտյան ափի ցամաքային գործողությանը զուգահեռ, որը «երկրորդ ինթիֆադի» ժամանակներից ի վեր ամենախոշորն է: Այնտեղ հարյուրավոր զինվորականներ փնտրում են իսրայելցի երեք կորած դեռահասների՝ արգելափակելով ճանապարհներն ու խուզարկելով տները: Գործողության ընթացքում ավելի քան 150 պաղեստինցի է ձերբակալվել: