Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի եւ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման համար գործադիրը ՀՀ համապատասխան մարզպետներին եւ համայնքի ղեկավարներին հանձնարարել է կասեցնել Մ-1 Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման եւ Մ-2 Երեւան- Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում եւ օտարման շերտերում շինարարության իրականացման եւ հողհատկացման գործընթացը:
Հաջորդ որոշմամբ կառավարությունը Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Երեւան-Աշտարակ հատվածի նախագծա-հաշվարկային աշխատանքներն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից տրամադրել է 18 մլն 500 հազար դրամ` մինչեւ 2009թ. ավարտը Ասիական զարգացման բանկից նշված գումարը ստանալուց հետո վերադարձնելու պայմանով: Այս երկու որոշումները վարչապետ Տիգրան Սարգսյանը բնութագրել է իբրեւ մեծ գործընթացի սկիզբ: Դա ճանապարհաշինությունն է, որի արժեքը, ըստ Ասիական զարգացման բանկի գնահատման, կարող է հասնել 1.5 մլրդ ԱՄՆ դոլարի:
Կառավարությունը նաեւ ստեղծել է «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ, որն էլ պետք է իրականացնի Հայաստան-Իրան երկաթուղու շինարարական աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաեւ բոլոր տեսակի վարկային միջոցների ստացումը:



























