Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները միջազգային հանդիպումների ժամանակ կարող են օտար լեզուներով խոսել: Այս մասին հունիսի 16-ին լրագրողներին հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանը՝ ի պատասխան լրագրողների այն դիտարկմանը, թե ինչու են Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները ռուսերեն խոսում «Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնադրությանը» սեմինարի ընթացքում:

Երեւանում կայացած սեմինարի աշխատանքային լեզուն ռուսերենն էր: Դրա կազմակերպիչներն էին Հայաստանի ստանդարտների ազգային ինստիտուտը եւ ՌԴ տեխնիկական կարգավորման եւ չափագիտության դաշնային գործակալությունը:

Երբ լրագրողները հարցրել են, թե ինչու Հայաստանի պաշտոնական անձինք ելույթ չեն ունենում հայերենով, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար  Գառնիկ Բադալյանը հայտարարել է, որ դա աշխատանքին չի խանգարում եւ լեզվի մասին օրենքը չի խախտում: «Մաքսային միությունում մեր աշխատանքային լեզուն ռուսերենն է»,- հայտարարել է փոխնախարարն ու հավելել. «Երբ ես մասնակցել եմ այդ օրենքի մշակմանը, շատ կներեք, դուք չգիտեմ որտեղ էիք»:

Հիշեցնենք, որ «Լեզվի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն հայերենն է»: Նույնիսկ միջազգային միջոցառումները, հանդիպումները, «Լեզվի մասին» ՀՀ օրենքի համաձայն պետք է ապահովվեն համաժամանակյա թարգմանությամբ: