Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ հանդես եկող «Դեմ եմ» շարժման ակտիվիստներն աշխատակիցների հետ գործատուների «բացատրական» զրույցների ձայնագրություններ ունեն: Այս մասին հունիսի 16-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարեց «Դեմ եմ»-ի ակտիվիստ Մերի Խաչատրյանը: Նրա խոսքով, դրանցից ակնհայտ է դառնում, որ գործատուները փորձում են ճնշում գործադրել եւ ստիպել կուտակային կենսաթոշակային վճարումներ չկատարելու մասին դիմումներ չգրել:
Խաչատրյանը նաեւ նշեց, որ առանց քաղաքացիների համաձայնության՝ այդ ձայնագրությունները հրապարակել չեն կարող: «Մենք այստեղ ունկնդրի դերում ենք: Ինքներս այդ ձայնագրությունները հրապարակելու իրավունք չունենք: Բայց եթե հետապնդումները ուժգնանան, հնարավոր է՝ այդ ձայնագրությունների հեղինակները կհամաձայնեն հրապարակել դրանք»,- հայտարարեց Մերի Խաչատրյանը:





























