Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 29-ամյա Համլետ Ա.-ն մեղադրվում է համագյուղացուն ծեծի ենթարկելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 1-ին ժամը 11:40-ի սահմաններում: Համլետը Մյասնիկյան գյուղի դաշտերում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է համագյուղացի Տաֆուր Ի.-ի հետ: Վիճաբանության ընթացքում Համլետը ծեծի է ենթարկել Տաֆուրին. բռունցքով հարվածել է նրա դեմքին եւ կրծքավանդակին, այնուհետեւ բռնություն գործադրելով՝ սեղմել է պարանոցը՝ պատճառելով թեթեւ մարմնական վնասվածքներ:
Համլետ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:





























