Հայաստանի խորհրդարանական ոչ իշխանական ուժերի քառյակից երեքն արդեն մշակել են իրենց դիրքորոշումը կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ իշխանությունների օրենսդրական նոր նախաձեռնության շուրջ: Այս մասին հունիսի 16-ին քառյակի ներկայացուցիչների նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային Ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա նաեւ հավելեց, որ միասնական դիրքորոշման հարկավոր է հնարավորինս շուտ հասնել, քանի որ մոտ ապագայում աշխատանքային փաստաթուղթը նախաձեռնությունից օրինագիծ կդառնա:

«Քառյակի հետ հանդիպման ընթացքում մենք զրուցեցինք նաեւ «Դեմ եմ» շարժման ակտիվիստների հետ: Քառյակը պատրաստ է պաշտպանել քաղաքացիներին եւ դիմակայել մարդկանց վրա գործադրվող ցանկացած ճնշման, ովքեր չեն ցանկանում մասնակցել կուտակային կենսաթոշակային համակարգին»,- հայտարարեց Զուրաբյանը:

Նրա խոսքով, նոր գաղափարը, ըստ էության, արմատական լուծում չի առաջարկում. ավելի քան 200 հազար պետական ծառայոսղների համար համակարգին մասնակցությունն ուժի մեջ է մնում, իսկ մյուսների համար հետաձգվում է ընդամենը երեք տարով: «Այդ մեզ համար անընդունելի է»,- ընդգծեց Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ նոր օրինագիծը ներկայացվելու է խորհրդարանի արտահերթ նստաշրջանի ընթացքում, որը մեկնարկելու է հունիսի 18-ին: