Իրաքի Քուրդիստանի զինված խմբավորումները չեն մասնակցի «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից հրահրված ապստամբության ճնշմանը:

Այդ մասին հայտարարել է ինքնավարության արտաքին գործերի վարչության ղեկավար Ֆալահ Մուստաֆա Բակիրը Kyodo գործակալությանը տված հարցազրույցում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

«Մենք մտադիր չենք մասնակցել Իրաքի զինված ուժերի կողմից ներկայումս անցկացվող գործողություններին», - հաղորդել է Բակիրը: Քուրդիստանի արտաքին գործերի փաստացի նախարարի խոսքով՝ «մեր կազմավորումների խնդիրը քրդական տարածքների պաշտպանությունն է»:

Ֆալահ Մուստաֆա Բակիրը Իրաքի զինված ուժերին նաեւ խիստ քննադատության է ենթարկել:

«Նրանք զինված էին ամերիկյան զորքերի կողմից, ստացել բարձր արդյունավետությամբ աչքի ընկնող հրացաններ, սակայն տապալվել են, քանի որ նրանց մոտ բացակայում է մարտական ոգին», - նշել է քուրդ պաշտոնյան:

Հիշեցնենք, որ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» կազմակերպությունը հունիսի սկզբին վերահսկողություն է սահմանել իրաքյան Նայովա նահանգի նկատմամբ՝ զավթելով  վարչական կենտրոն Մոսուլը: Ըստ ստացված հաղորդագրությունների, այնտեղից ստիպված են եղել փախչել մոտ 500 հազար մարդ: